Թե հօգուտ ում, ցույց կտա ապրիլի 30-ին Լոնդոնում կայանալիք պատասխան խաղը, իսկ առայժմ փաստենք միայն, որ Մադրիդում «Չելսին» անառիկ պահեց սեփական դարպասը` չստեղծելով, «Աթլետիկոյին» էլ թույլ չտալով ստեղծել քիչ թե շատ ռեալ գոլային վտանգ:
Ինչ խոսք, որ խաղից առաջ հանդիսատեսը միանգամայն օրինականորեն սպասում էր լարված մրցակցություն, խորիմաստ կոմբինացիաներով հարուստ, դիտարժան ֆուտբոլ, դարպասների գրավում, դարպասապահների փայլուն սեյվեր, հրաշք այս մարզաձևին բնութագրական բազմաթիվ այլ բաներ ու այս ամենի համար, կրկնում ենք, մարզասերն իր ակնկալիքներում միանգամայն օրինական հիմքեր ուներ` դատելով կողմերի ինչպես ներքին առաջնություններում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում ունեցած մրցելույթներից: Վերջապես, չմոռանանք և եղած վիճակագրությունը, որը վերլուծությունների, հնարավոր ենթադրությունների պակաս նյութ չի տալիս, թեպետ այդ նույն վիճակագրությունը կոնկրետ այս դեպքում առարկայորեն ցույց տվեց, որ ավելին չէ պարապ վախտի խաղալիքից: Այնպես որ, սիրելիներս, միակ ճիշտը կոնկրետ փաստն է, արդեն իսկ եղածը:
Մադրիդում Մոուրինյոն իր թիմով խաղաց` չխաղալով:
Իսկ ո՞ւմ համար էր նորություն այս տակտիկան:
Դիեգո Սիմեոնեի՞: Արգենտինացուն հաշվենք հաշվից դուրս, որքան էլ եղածի գլխավոր դերակատարներից մեկն էլ ինքն էր, ու մենք չէինք:
Խաղային այս տակտիկայով գործած ու մրցակցին ծնկի բերած Մոուրինյոյի գլխավորած թիմերից առնվազն երեքին պիտի որ հիշեք` սկսած 2010-ից: Հիմա ի՞նչ` դառնանք Նիկողոս աղա ու նրա պես ամեն ինչի վրա ասենք. «Չե՞ք հիշեր, ինչ է»:
Որքան էլ հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքիով, այդուհանդերձ, ես մնում եմ այն կարծիքին, որ այս դիմակայությունում պարտվողը եղավ «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչը` այդպես էլ գլխի չընկնելով որ Մոուրինյո կոչված Անկրկնելին այդքան մեծ կարևորություն կտա մրցակցին ու կգործի խոր պաշտպանությունից ու խոր պաշտպանությամբ: Մադրիդյան հանդիպումում Դիեգո Սիմեոնեն հենց սա չկարողացավ հասկանալ կամ գուշակել` ընտրեք ձեր սրտին առավել մոտ բառը: Փորձված աղվեսը նրան խաբեց ու դաժանորեն խաբեց, որովհետև սեփական հարկի տակ «Չելսին» գործողությունների լիակատար ազատություն կունենա, որքան էլ թիմի առանցքային մի շարք խաղացողներ տարբեր պատճառներով չեն լինելու այդ դիմակայությունում: Անկրկնելիի համար նորություն չէ արտակարգ պայմաններում գործելը, իսկ թե կուզեք ճիշտը իմանալ, արտակարգ պայմաններում գործելը նրա տարերքն է: Եվ այսուհանդերձ, թույլ տվեք պատասխան խաղի հաշվի առնչությամբ գուշակություններ չանել ու դա ոչ այն բանի համար, որ գուշակությունները կեղծ արվեստի ժանրից են: Մի մոռացեք, որ անչափ տաղանդավոր Մոուրինյոյի դեմ է դուրս եկել ոչ պակաս և նույնքան տաղանդավոր Դիեգո Սիմեոնեն, ու նա պատրաստ չէ հաջողությունը ձեռքից մանկամտորեն բաց թողնելուն: Արգենտինացին հաստատ ինչ-որ հակափաստարկ կգտնի, մանավանդ որ Լոնդոնում գոլային ցանկացած ոչ-ոքի հենց նրա թիմն է հանելու եզրափակիչ:
ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ. «Արդյունքն օրինաչափ է: Ոչ Տիբո Կուրտուան, ոչ Մարկ Շվարցերը չարեցին իսկական սեյվ: Խաղը բարդ էր, չափազանց շատ էր տակտիկան: Այժմ ամեն ինչ մեր ձեռքում է: Հասկանալի է, որ հատկապես մադրիդցիներն էին ավելի շատ տիրում գնդակին: Չնայած խաղից առաջ ու ընթացքում եղած դժվարություններին` մենք հաջող արդյունքի հասանք: Ինչ էի ես ուզում խաղից առա՞ջ: Ես ուզում էի, որ «Չելսին» հաղթեր 5:0, սակայն դրան հասնելը չափազանց դժվար էր: Ընդհանրապես Մադրիդից անպարտ հեռանալը բավական դժվար է: Այո, արդյունքն ամենալավը չէ, սակայն ամեն ինչ որոշվելու է տանը: Պետեր Չեխի համար մրցաշրջանն ավարտված է: Ինչ վերաբերում է Ջոնին, մենք մայիսի 24-ին պիտի դուրս գանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որ նա այնտեղ խաղա»:
ԴԻԵԳՈ ՍԻՄԵՈՆԵ. «Խաղը դժվար էր, և թիմերից ոչ մեկը չկարողացավ հասնել հաղթանակի: Մենք չկարողացանք «Չելսիի» պաշտպանությունում ճեղք գտնել ու գոլ խփել, ինչը մեզ կհասցներ հաղթանակի: Երկու թիմերն էլ պայքարեցին ողջ հանդիպման ընթացքում: Այո, պատասխան խաղից առաջ անգլիացիներն ունեն առավելություն, սակայն եզրափակիչ դուրս կգա այն թիմը, որը կկարողանա հաղթել Լոնդոնում»:
ՖԵՌՆԱՆԴՈ ՏՈՐԵՍ. «Յոթ տարի անց վերադառնալ «Վիսենտե Կալդերոն» ու դա անել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում` ի՞նչը կարող է ավելի լավ լինել: Խաղից առաջ ու հետո ես գերագույն հաճույք ստացա: Խորին շնորհակալություն մարզասերներին այն բանի համար, որ ինձ այդպես ընդունեցին: Ինչ վերաբերում է արդյունքին, այն երկու թիմերի համար էլ լավ է: Մեզ համար վտանգավոր կլինի, եթե «Աթլետիկոն» գոլ խփի Լոնդոնում»:
ՍԵՍԱՐ ԱՍՊԻԼԻԿՈՒԵՏԱ. «Սա դրական արդյունք է: Մենք գիտեինք, որ այստեղ խաղալը դժվար կլինի: Բոլոր տղաներն այսօր ջանացին: Կարևորն այն է, որ պատասխան հանդիպումը տանն է: Խաղացողները, որոնք բաց կթողնեն տնային հանդիպումը, «Չելսիի» համար կարևոր են, սակայն բոլոր դեպքերում մենք խաղալու ենք հաղթելու համար»:
ԽՈՒԱՆՖՐԱՆ. «Մենք դժգոհ ենք այս արդյունքից, մենք ուզում էինք հաղթել: «Չելսիի» խաղացողները հիմնականում պաշտպանվում էին, քանի որ մտածում էին` կարող են հաղթել «Սթեմֆորդ Բրիջում»: Սակայն մենք էլ ենք մտածում, որ կարող ենք հաղթել Լոնդոնում: Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, ինձ հասկանալի էր, որ մեզ համար հեշտ չի լինի: Դե ինչ, մեզ հրաշալի խաղ է սպասում Անգլիայում»:
ԳԱԲԻ. ««Աթլետիկոն» ողջ խաղի ընթացքում ցանկանում էր հաղթել: Մենք գիտեինք, որ «Չելսիին» գոլ խփելը հեշտ չի լինի: Բայց և այնպես խաղի ավարտից հետո մեզ մոտ մնաց դառնահամի զգացողություն»:
ՖԻԼԻՊԵ ԼՈՒԻՍ. «Խաղադաշտում եղավ այն, ինչին մենք սպասում էինք ի սկզբանե: Ժոզե Մոուրինյոն շատ ուժեղ մասնագետ է և թիմի խաղը լավ է կառուցում: Նա շատ փորձառու մարզիչ է, ում հաջողվեց չեզոքացնել մեր հաղթական որակներից մեկը. ես նկատի ունեմ «երկրորդ հարկում» խաղալը: Ինչ վերաբերում է պատասխան խաղին, եզրափակիչ դուրս գալու հարցը մնում է բաց»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ